ՀՀ 2019թ. տարվա երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում ավարտվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինասնավորմամբ իրականացվող «Մեդիան՝ համայնքի մասնակցային կառավարման միջոց» ծրագիրը: Այն իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն հկ-ն՝ նպատակ ունենալով նպաստել շահառու երիտասարդների մեդիագրագիտությանը, մեդիայի միջոցով երիտասարդների մասնակցությանը համայնքային կյանքին և տեղական ինքնակառավարմանը:
Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-16-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց դասընթաց, որին մասնակցեցին վանաձորցի 25 երիտասարդներ: ՏԻՄ ոլորտի փորձագետ Արշավիր Ղուկասյանը, Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե
Մաթևոյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդակցման մասնագետ, «ԿԱՄՔ» հկ նախագահ, լրագրող Նազելի Ավագյանը դասընթացի մասնակիցներին հաղորդակից դարձրեցին տեղական ինքնակառավարման մասնակցային սկզբունքներին, հանրության մասնակցության կարգին, համայնքում քաղաքացիական նախաձեռնություն իրականացնելու քայլերին, փոխանցեցին գիտելիքներ և հմտություններ մեդիագրագիտության, տեղեկատվություն ստանալու, հարցազրույց վարելու,
լրագրողական հոդված պատրաստելու, ճիշտ լուսանկարելու, բլոգ բացելու և վարելու վերաբերյալ: Դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքները շահառուները հնարավորություն ուենցան կիրառելու գործնականում: Կատարելով համայնքի կարիքների գնահատում և համայնքային նշանակության խնդիրների
բացահայտում՝ ծրագրի շահառու երիտասարդներն այցելեցին Վանաձորի քաղաքապետարան և հարցազրույցներ վարեցին վերհանված համայնքային խնդիրների լուծման համար պատասխանատու տարբեր պաշտոնյաների հետ: Այնուհետև պատրաստեցին հոդվածներ և տեղարդեցին ծրագրի շրջանակում բացված «Վանաձոր մեդիաբլոգ» հարթակում:
Հարկ է նշել, որ բացի վերոնշյալ ծրագրային ընդհանուր բլոգից, ծրագրի շահառուների մեծ մասը հենց դասընթացի ընթացքում արդեն բացել և վարում էին իրենց անհատական բլոգները, որտեղ պատրաստվում են տեղադրել տարաբնույթ նյութեր՝ կախված իրենց նախասիրություններից: Դասընթացը հաջողությամբ ավարտողներն ստացան հավաստագրեր:
Նշենք, որ «Մեդիան՝ համայնքի մասնակցային կառավարման միջոց» ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել շահառու երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և զբաղվածության խնդրի որոշակի մեղմացմանը (նրանք՝ որպես բլոգերներ, քաղաքացիական և ֆոտո լրագրողներ, իրենց պատրաստած նյութերով կարող են համագործակցել տեղական և հանրապետական տարբեր ԶԼՄ-ների հետ՝ կայքեր, թերթեր, բլոգներ)…



No responses yet