Մեդիագրագետ սպառողներից՝ գրագետ մեդիաարտադրողներ
Լոռեցի երիտասարդները մասնակցեցին ՄեդիաԴպրոցի
2025 թվականի ապրիլին Լոռու մարզի Ստեփանավան համայնքը մի քանի օր շարունակ դարձել էր մեդիագրագիտության և մեդիամասնակցության կարողությունների զարգացման կենտրոն՝ համախմբելով ոչ միայն Ստեփանավանի, այլև հարակից Տաշիր, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքներից մեդիայիով հետաքրքրված 25 երիտասարդի:
Նախքան ՄեդիաԴպրոցի մասնակից դառնալը շահառու երիտասարդները մասնակցել էին «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացվող «Գրագետ մեդիա սպառողների եւ մեդիա արտադրողների կինո-դպրոց լոռեցի կանանց եւ երիտասարդների համար» ծրագրի առաջին փուլին՝ «ՄեդիաԿինոՍրճարանին», ձեռք բերել ընդհանուր գիտելիքներ մեդիագրագիտության, քարոզչության, ապատեղեկատվության դեմ պայքարի, փաստերի ստուգման ընդհանուր հիմունքների վերաբերյալ, ապա լրացրել գիտելիքների գնահատման հարցաթերթ, մասնակցել հարցազրույցների և նոր միայն ստացել հնարավորություն համալրելու ՄեդիաԴպրոցի սահմանափակ թվով մասնակիցների շարքը:
ՄեդիաԴպրոցի քառօրյա դասընթացների ընթացքում դասընթացավարներ Նազելի Ավագյանն ու Վահե Մարդոյանը երիտասարդներին հաղորդակից դարձրեցին ինչպես մեդիագրագիտության, փաստերի ստուգման ու ապատեղեկատվության դեմ պայքարի մի շարք մեթոդների, այնպես էլ փոխանցեցին գիտելիքներ ու հմտություններ մեդիա նյութեր պատրաստելու վերաբերյալ՝ սկսած տեղեկատվություն ստանալու կարգից, հարցազրույց վարելու սկզբունքներից, մինչև փաստահեն ու մրցունակ տեղեկատվություն՝ լուր, հոդված, տեսանյութ պատրաստելու հմտություններ: Դասընթացներն անցկացվեցին ուսուցման ֆորմալ և ոչ ֆորմալ հմտությունների համադրմամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստացած գիտելիքները տեղում ամրապնդել գործնական առաջադրանքներով: Դասընթացի շրջանակում մասնակիցները զարգացրեցրին նաև լուսանկարչության և տեսանկարհանման իրենց կարողությունները, պատրաստեցին տեսանյութեր (reel making), սովորեցին բացել և վարել բլոգ WordPress հարթակում:
Կարևոր նկատառում. դասընթացի հիմքում դրված էր չեխական owis մեթոդաբանությունը, ինչը ենթադրում է ուսուցում ֆիլմերի միջոցով: ՄեդիաԴպրոցի հենց առաջին օրը մասնակիցները դիտեցին ռեժիսոր Էլս վան Դիրելի «Գաբրիելը վարում է հաղորդում ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին» տեսաֆիլմը՝ քաղաքացիական լրագրության կարևոր դերի մասին, և ոգեշնչվելով իրենց հասակակից բրազիլացի երիտասարդի՝ Գաբրիելի օրինակով, որոշեցին յուրաքանչյուրն իր հերթին նպաստել իրենց համայնքներում առկա խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը: Իսկ ՄեդիաԴպրոցի վերջին օրն արդեն մեդիայի գաղտնիքները շատ թե քիչ բացահայտած երիտասարդները դիտեցին «Ինչն է ստիպում մեզ քլիքել» փաստավավերագրական տեսաֆիլմը՝ ավելի հստակ պատկերացնելով սոցիալական մեդիայի ալգորիթմների աշխատանքը:
Ինչպես նշեց ՄեդիաԴպրոցի մասնակիցներից Դայանա Դալլաքյանը ստացած գիտելիքներն ու հմտությունները կկիրառի ոչ միայն առօրյա կյանքում, որպես մեդիագրագետ սպառող, այլև կկարողանա պատրաստել համայնքային իրադարձությունների վերաբերյալ փաստահեն ու վստահելի մեդիաբովանդակություն, ինչն անշուշտ կխթանի ծրագրի շահառու թիրախ համայնքներում լրատվական առողջ մեդիա միջավայրի ձևավորմանն ու ապատեղեկատվության դեմ պայքարին:
Հարկ է նշել, որ ՄեդիաԴպրոցի դասընթացների ավարտից հետո դպրոցը չի ավարտվում. Երիտասարդները քաղաքացիական լրագրողի փորձուսուցում (պրակտիկա) են անցնում իրենց համայքներում, հանդիպումներ ունենում բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, վարում հարցազրույցներ՝ փորձելով լուսաբանել Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքներում ծրագրի շահառու երիտասարդների համար տեսանելի խնդիրներն ու համայնքային իրադարձությունները, որոնք կհրապարակեն «Լոռվա լուրեր» համացանցային հարթակում/բլոգում:
Ծրագրի շրջանակում հայտարարված է նաև «Ակտիվ բլոգեր» մրցույթ, իսկ թե ով կհաղթի մրցույթում և կարժանանա մրցանակի, պարզ կդառնա ծրագրի ավարտին՝ ամփոփիչ միջոցառման ժամանակ:
Նակտենք նաև, որ «ՄեդիաԴպրոցը» մեդիակրթությունից զատ կնպաստի շահառու երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, նոր հմտությունների զարգացմանը, ինչու չէ նաև գյուղական համայնքների երիտասարդների գերակա խնդիրներից մեկի՝ զբաղվածության խնդրի մեղմացմանը. Երիտասարդները ակտիվ լուսաբանելով համայնքային իրադարձություններն իրենց բլոգներում, տելեգրամյան և ֆեյսբուքյան հարթակներում՝ կարող են հետագայում միացնել գովազդ և գումար վաստակել, ինչպես նաև թղթակցել այլ ԶԼՄ-ների հետ:
* «ՄեդիաԴպրոցն» իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն «Գրագետ մեդիա սպառողների եւ մեդիա արտադրողների կինո-դպրոց լոռեցի կանանց եւ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում:
**«Գրագետ մեդիա սպառողների եւ մեդիա արտադրողների կինո-դպրոց լոռեցի կանանց եւ երիտասարդների համար» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի People in Need Armenia «Մեդիագրագիտության բարձրացում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:





















No responses yet