ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում ավարտվեց «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագիրը, որն իրականացնում էր «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: 

               Ծրագրի շրջանակներում նոյեմբերի տասնյոթից քսանը Գյումրիի «Բեռլին Արտ հյուրերի տանը» անցկացվեց խտացված մեդիա դասընթաց, որին մասնակցում էին  գյումրեցի քսանհինգ երիտասարդ, ովքեր ունեն հետաքրքրություն տեղական ինքնակառավարման և  մեդիա ոլորտի նկատմամբ:

               Քառօրյա դասընթացի ընթացքում ծրագրի դասընթացավարը և հրավիրված մեդիա և ՏԻՄ ոլորտի փորձագետները, համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները, երիտասարդներին փոխանցեցին գիտելիքներ «Տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության և թափանցիկության հիմունքների, մասնակցային կառավարման կարգի, հանրագիր իրականացնելու մեխանիզմների, նոր մեդիայի, քաղաքացիական լրագրության և բլոգավարության հիմունքների վերաբերյալ։ Մասնակիցները ձեռք բերեցին հանրագիր իրականացնելու, տեղական ինքնակառավարմանը մասնակցելու, գրավոր և բանավոր տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև լրագրողական հարացազրույց վարելու, լրատվական հոդված  և ակնարկ գրելու, լուրը գովազդից և փիարից տարբերակելու, ճիշտ լուսանկարելու, բլոգ բացելու և այն վարելու գիտելիքներ ու հմտություններ: 

               Դասընթացի մասնակիցները հնարավորություն ստացան նաև իրականացնելու իրենց լրագրողական առաջին պրակտիկան: Ծրագրի շրջանակներում նրանք այցելեցին Գյումրիի քաղաքապետարան, հարցազրույցներ վարեցին   ՏԻՄ ներկայացուցիչների հետ, և պատրաստելով առաջին հոդվածները, տեղադրեցին ծրագրի շրջանակներում բացված «ԳԵԼԱ՝ Գյումրու երիտասարդ լրագրողների ակումբ» բլոգում (բլոգի հղումը՝  http://gyumrigela.blogspot.am/): Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն ստացան հավաստագրեր, ինչպես նաև հնարավորություն՝ մասնակցելու ծրագրի վերաբերյալ պատրաստվող տեսաֆիլմի նկարահանման աշխատանքներին: Ծրագրի ավարտին բացի վերոնշյալ ընդհանուր մեդիա բլոգից, որտեղ տեղադրվելու են մասնակիցների պատրաստած նյութերը համայնքի մասին և որը վարելու հնարավորություն ունեն ծրագրի բոլոր մասնակիցները,  շահառուներից մի քանիսը, ելնելով իրենց նախասիրություններից և հետաքրքություններից, արդեն ստեղծել էին իրենց անհատական բլոգները, ինչն անշուշտ վկայում է դասընթացի հաջողվածության մասին:

               Ծրագրի շահառուներից Հասմիկ Հակոբյանը նշում է, որ դասընթացի արդյունքները գերազանցեցին իր ակնկալիքները.

            -Ես արդեն գիտեմ, թե ինչ է նոր մեդիան, ինչպես պետք է գրել ինտերնետային հոդված, ավելին՝ արդեն բացել եմ իմ առաջին բլոգը, որը վերաբերում է ստոմատոլոգիային, քանի որ մասնագիտությամբ ատամնաբույժ եմ և նպատակ ունեմ զարգացնել այն: Սա իր տեսակի մեջ յուրահատուկ դասընթաց էր, որը երիտասարդներին տալիս է ոչ միայն գիտելիքներ, այլ նաև աշխատանք գտնելու և որոշ առումով երիտասարդների զբաղվածության խնդիրը մեղմացնելու հնարավորություն, քանի որ ստանալով լրագրողական գիտելիքներ ու հմտություններ՝ մենք կարող ենք թղթակցել տարբեր կայքերի ու թերթերի:

            Լուսանկարիչ Լևոն Միրզախանյանն էլ ստեղծել է ֆոտոբլոգ, որտեղ նպատակ ունի տեղադրել իր և եղբոր լուսանկարած Գյումրու տեսարժան վայրերը և այլ հետաքրքիր լուսանկարներ՝ մի կողմից հանրությանը և տուրիստներին ներկայացնելով Գյումրու կոլորիտն ու գեղեցկությունը, մյուս կողմից՝ նպաստելով իրենց լուսանկարչական ծառայությունների փիարին:

            Ծրագրի շրջանակներում «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն համագործակցում էր Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիի Երիտասարդական պալատ ՀՈԱԿ-ի, Գյումրիի «Ինֆոտուն» և այլ երիատասարդական-հասարակական կազմակերպությունների հետ: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Ա. Մկրտչյանն կարևորում է նման ծրագրերի դերը ՏԻՄ-երիտասարդություն փոխհարաբերությունների ամրապնդման տեսանկյունից.

            -Այս ծրագիրը կարծես թե մի միջոց է, ծրագրի մասանկից երիտասարդների առջև բացելու քաղաքպետարանի դռները, կոտրելու այն կարծրատիպը, որ դռներից այն կողմ նստած են «չինովնիկներ», «գալստուկով դյադյաներ»: Նրանք այսօր եկան, զրուցեցին իրենց հետաքրքրող հարցերի շուրջ, հասկացան, որ այստեղ նստած են հասարակ մարդիկ, ովքեր մտահոգ են համայնքի խնդիրներով և ևս կարիք ունեն երիտասարդների հետ շփման ու համագործակցության:

            Գյումրու երիտասարդական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանն աշխատանքի բերումով շատ է շփվում գյումրեցի ակտիվ երիտասարդների հետ: Նրա կարծիքով ծրագիրը կարողացել է ապահովել լայն մասնակցություն՝ ընգրկելով գյումրեցի ոչ միայն ակտիվ, այլ նաև պասիվ երիտասարդների.

            -Ինձ համար ուրախալի էր ծրագրի մասնակիցների մեջ տեսնել նաև  երիտասարդների, որոնց  նախկինում չէի տեսել այլ երիտասարդական միջոցառումների ու ծրագրերի մասնակցելիս, սա խոսում է այն մասին, որ ծրագիրն իրոք հասել է իր նպատակին՝ նպաստելով գյումրեցի ոչ այնքան ակտիվ երիտասարդների ներգրավմանը հասարակական կյանքին, տեղական ինքնակառավարման գործընթացին:

            «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագրի նպատակն է՝ նպաստել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և նոր մեդիայի վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին ու տեղական ինքնակառավարման գործընթացին: Ծրագիրը նպատակ ունի նաև խթանել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և քաղաքացիական լրագրողների պատրաստման միջոցով ՏԻՄ- երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը:

            «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն»  ՀԿ փոխնախագահ, ծրագրի ղեկավար Պետրոս Պետրոսյանի հավաստմամբ՝ ծրագրի նպատակը բխում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության  2013-2017թ.թ. ռազմավարության գերակա ուղություններից  և  ՀԿ-ի համար ևս ունի ռազմավարական նշանակություն, քանի որ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն»  ՀԿ-ի առաքելությունն է` նպաստել երիտասարդների դերի բարձացմանը, ներգրավմանը երկրկի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնեսական, հոգևոր-մշակութային ոլորտներում: Նա նշեց, ծրագիրն ունի շարունակական բնույթ և  նմանատիպ ծրագիր անցած տարի իրականացվել է նաև ՀՀ երկրորդ  երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում՝  նպաստելով ստեփանավանցի երիտասարդների ակտիվ ներգրավմանը համայնքային կյանքին և տեղական ինքնակառավարմանը:

CATEGORIES:

Ծրագրեր

Tags:

No responses yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *