ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում ավարտվեց «Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագիրը, որն իրականացնում էր «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակներում նոյեմբերի տասնյոթից քսանը Գյումրիի «Բեռլին Արտ հյուրերի տանը» անցկացվեց խտացված մեդիա դասընթաց, որին մասնակցում էին գյումրեցի քսանհինգ երիտասարդ, ովքեր ունեն հետաքրքրություն տեղական ինքնակառավարման և մեդիա ոլորտի նկատմամբ:
Քառօրյա դասընթացի ընթացքում ծրագրի դասընթացավարը և հրավիրված մեդիա և ՏԻՄ ոլորտի փորձագետները, համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները, երիտասարդներին փոխանցեցին գիտելիքներ «Տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության և թափանցիկության հիմունքների, մասնակցային կառավարման կարգի, հանրագիր իրականացնելու մեխանիզմների, նոր մեդիայի, քաղաքացիական լրագրության և բլոգավարության հիմունքների վերաբերյալ։ Մասնակիցները ձեռք բերեցին հանրագիր իրականացնելու, տեղական ինքնակառավարմանը մասնակցելու, գրավոր և բանավոր տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև լրագրողական հարացազրույց վարելու, լրատվական հոդված և ակնարկ գրելու, լուրը գովազդից և փիարից տարբերակելու, ճիշտ լուսանկարելու, բլոգ բացելու և այն վարելու գիտելիքներ ու հմտություններ:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն ստացան նաև իրականացնելու իրենց լրագրողական առաջին պրակտիկան: Ծրագրի շրջանակներում նրանք այցելեցին Գյումրիի քաղաքապետարան, հարցազրույցներ վարեցին ՏԻՄ ներկայացուցիչների հետ, և պատրաստելով առաջին հոդվածները, տեղադրեցին ծրագրի շրջանակներում բացված «ԳԵԼԱ՝ Գյումրու երիտասարդ լրագրողների ակումբ» բլոգում (բլոգի հղումը՝ http://gyumrigela.blogspot.am/): Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն ստացան հավաստագրեր, ինչպես նաև հնարավորություն՝ մասնակցելու ծրագրի վերաբերյալ պատրաստվող տեսաֆիլմի նկարահանման աշխատանքներին: Ծրագրի ավարտին բացի վերոնշյալ ընդհանուր մեդիա բլոգից, որտեղ տեղադրվելու են մասնակիցների պատրաստած նյութերը համայնքի մասին և որը վարելու հնարավորություն ունեն ծրագրի բոլոր մասնակիցները, շահառուներից մի քանիսը, ելնելով իրենց նախասիրություններից և հետաքրքություններից, արդեն ստեղծել էին իրենց անհատական բլոգները, ինչն անշուշտ վկայում է դասընթացի հաջողվածության մասին:
Ծրագրի շահառուներից Հասմիկ Հակոբյանը նշում է, որ դասընթացի արդյունքները գերազանցեցին իր ակնկալիքները.
-Ես արդեն գիտեմ, թե ինչ է նոր մեդիան, ինչպես պետք է գրել ինտերնետային հոդված, ավելին՝ արդեն բացել եմ իմ առաջին բլոգը, որը վերաբերում է ստոմատոլոգիային, քանի որ մասնագիտությամբ ատամնաբույժ եմ և նպատակ ունեմ զարգացնել այն: Սա իր տեսակի մեջ յուրահատուկ դասընթաց էր, որը երիտասարդներին տալիս է ոչ միայն գիտելիքներ, այլ նաև աշխատանք գտնելու և որոշ առումով երիտասարդների զբաղվածության խնդիրը մեղմացնելու հնարավորություն, քանի որ ստանալով լրագրողական գիտելիքներ ու հմտություններ՝ մենք կարող ենք թղթակցել տարբեր կայքերի ու թերթերի:
Լուսանկարիչ Լևոն Միրզախանյանն էլ ստեղծել է ֆոտոբլոգ, որտեղ նպատակ ունի տեղադրել իր և եղբոր լուսանկարած Գյումրու տեսարժան վայրերը և այլ հետաքրքիր լուսանկարներ՝ մի կողմից հանրությանը և տուրիստներին ներկայացնելով Գյումրու կոլորիտն ու գեղեցկությունը, մյուս կողմից՝ նպաստելով իրենց լուսանկարչական ծառայությունների փիարին:
Ծրագրի շրջանակներում «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն համագործակցում էր Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիի Երիտասարդական պալատ ՀՈԱԿ-ի, Գյումրիի «Ինֆոտուն» և այլ երիատասարդական-հասարակական կազմակերպությունների հետ: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Ա. Մկրտչյանն կարևորում է նման ծրագրերի դերը ՏԻՄ-երիտասարդություն փոխհարաբերությունների ամրապնդման տեսանկյունից.
-Այս ծրագիրը կարծես թե մի միջոց է, ծրագրի մասանկից երիտասարդների առջև բացելու քաղաքպետարանի դռները, կոտրելու այն կարծրատիպը, որ դռներից այն կողմ նստած են «չինովնիկներ», «գալստուկով դյադյաներ»: Նրանք այսօր եկան, զրուցեցին իրենց հետաքրքրող հարցերի շուրջ, հասկացան, որ այստեղ նստած են հասարակ մարդիկ, ովքեր մտահոգ են համայնքի խնդիրներով և ևս կարիք ունեն երիտասարդների հետ շփման ու համագործակցության:
Գյումրու երիտասարդական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանն աշխատանքի բերումով շատ է շփվում գյումրեցի ակտիվ երիտասարդների հետ: Նրա կարծիքով ծրագիրը կարողացել է ապահովել լայն մասնակցություն՝ ընգրկելով գյումրեցի ոչ միայն ակտիվ, այլ նաև պասիվ երիտասարդների.
-Ինձ համար ուրախալի էր ծրագրի մասնակիցների մեջ տեսնել նաև երիտասարդների, որոնց նախկինում չէի տեսել այլ երիտասարդական միջոցառումների ու ծրագրերի մասնակցելիս, սա խոսում է այն մասին, որ ծրագիրն իրոք հասել է իր նպատակին՝ նպաստելով գյումրեցի ոչ այնքան ակտիվ երիտասարդների ներգրավմանը հասարակական կյանքին, տեղական ինքնակառավարման գործընթացին:
«Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը նոր մեդիայի միջոցով» ծրագրի նպատակն է՝ նպաստել շահառու երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և նոր մեդիայի վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով նրանց ներգրավվածությանը համայնքային կյանքին ու տեղական ինքնակառավարման գործընթացին: Ծրագիրը նպատակ ունի նաև խթանել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և քաղաքացիական լրագրողների պատրաստման միջոցով ՏԻՄ- երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը:
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ փոխնախագահ, ծրագրի ղեկավար Պետրոս Պետրոսյանի հավաստմամբ՝ ծրագրի նպատակը բխում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017թ.թ. ռազմավարության գերակա ուղություններից և ՀԿ-ի համար ևս ունի ռազմավարական նշանակություն, քանի որ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի առաքելությունն է` նպաստել երիտասարդների դերի բարձացմանը, ներգրավմանը երկրկի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնեսական, հոգևոր-մշակութային ոլորտներում: Նա նշեց, ծրագիրն ունի շարունակական բնույթ և նմանատիպ ծրագիր անցած տարի իրականացվել է նաև ՀՀ երկրորդ երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում՝ նպաստելով ստեփանավանցի երիտասարդների ակտիվ ներգրավմանը համայնքային կյանքին և տեղական ինքնակառավարմանը:



No responses yet