«Փաստերի ստուգման ակումբ Ստեփանավանում» ծրագրի ավարտից հետո ակումբը կշարունակի իր գործունեությունը որպես երիտասարդների մեդիա կրթության և ապատեղեկատվության դեմ պայքարի համայնքային կենտրոն
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն ՀԿ-ն Ստեփանավանի համայնքապետարանի կողմից ՀԿ-ին անվճար հատկացված տարածքում ստեղծել է «Փաստերի ստուգման ակումբ»՝ նպատակ ունենալով համայնքի երիտասարդների շրջանում ձևավորել փաստերի ստուգման մշակույթ պայքարել ապատեղեկատվության դեմ:
Նախագծի առաջին փուլում Ստեփանավան խոշորացված համայնքի տարբեր կրթօջախներից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացված հայտադիմումների հիման վրա ընտրվել էին 25 երիտասարդ, որոնք մասնակցել են եռօրյա ինտենսիվ դասընթացների՝ ձեռք բերելով գիտելիքներ և հմտություններ փաստերի ստուգման գործիքների, մեդիագրագիտության, թվային անվտանգության հիմունքների, ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմների, անձնական տվյալների պաշտպանության, կիբերգրագիտության և այլ արդիական թեմաների վերաբերյալ։

Դասընթացի մասնակիցները զարգացրել են գործնական կարողություններ տեղեկությունների վերլուծության, աղբյուրների արժևորման, կեղծ և մանիպուլյատիվ բովանդակության բացահայտման ուղղությամբ, սովորել կատարել փաստերի ստուգում։ Վերապատրաստված երիտասարդներից 10-ը ընտրվել են որպես փաստերի ստուգման համայնքային դեսպաններ՝ ծրագրի դասընթացավար-փորձագետների ուղղորդմամբ իրականացնելով իրազեկման արշավներ համայնքի կրթօջախներում, Ստեփանավանի ավագ սերնդի կենտրոնում, գրադարանում, համայնքապետարանում և քաղաքացիական հասարակության կազմակերպություններում։


Իրազեկման միջոցառումների ընթացքում ներկայացվել են փաստերի ստուգման գործիքներ, քննարկվել ապատեղեկատվության իրական օրինակներ ՀՀ լրահոսից, խրախուսվել է համայնքի տարբեր խմբերի բնակիչների ակտիվ մասնակցությունը փաստերի ստուգման գործընթացում։ Ակումբական երիտասարդներն իրենց կրթօջախներից և ՔՀԿ-ներից ներգրավել են նաև նոր երիտասարդների՝ մասնակցելու փաստերի ստուգման ակումբի շաբաթական միջոցառումներին, որոնք վարել են ինչպես փաստերի ստուգման ակումբի դեսպանները, այնպես էլ ծրագրի փորձագետ-դասընթացվարներն ու «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական կենտրոնի անդամները, որոնք ունեն մեդիագրագիտության, թվային գրագիտության ոլորտում կրթական ծրագրեր իրականացնելու
փորձ։
Կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդների համադրմամբ ակումբում երկու-երեք ամիս շարունակ գրեթե ամեն շաբաթ կազմակերպվել են մեդիագրագիտության, արհեստական բանականության, փաստերի ստուգման և այլ թեմաների վերաբերյալ դասընթացներ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, ֆորում թատրոն, թեմատիկ ֆիլմերի դիտում-քննարկումներ, որոնց ընդհանուր մասնակցել է Ստեփանավանից և հարակից գյուղական համայնքներից ավելի քան 200 մարդ, ինչպես երիտասարդներ, այնպես էլ՝ տարեցներ:

Ծրագրի շրջանակում ստեղծվել է «Փաստեր-Մաստեր» փաստերի ստուգման և մեդիագրագիտության վերաբերյալ սեղանի քարտային խաղ, որը հատկացվել է համայնքի կրթօջախներին և ՔՀԿ-ներին։ Խաղը հասանելի է նաև առցանց՝ վեբ տարբերակով «ԿԱՄՔ» ՀԿ-ի կայքում։ Խաղի QR կոդով պատրաստվել են տեղեկատվական շոկոլադներ, որոնք բաժանվելու են ծրագրի ավարտից հետո ակումբ այցելողներին՝ փաստերի ստուգման թեմայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և ծրագրի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Նախագծի շրջանակում ՀԿ-ի պաշտոնական կայքում ստեղծվել է «ՍՏՈՒԳՎԱԾ Է» հարթակը, որտեղ տեղադրվել են
ծրագրի ընթացքում փաստերի ստուգման դեսպանների կողմից ստուգված խնդրահարույց հոդվածներ ՀՀ լրահոսից՝ կից մեկնաբանություններով և բացատրություններով։ Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է հարթակը պարբերաբար համալրել ստուգված նոր հոդվածներով, ինչպես նաև մեդիագրագիտության վերաբերյալ կրթական նյութերով, խաղերով և տեսանյութերով։
Ծրագրի շրջանակում փաստերի ստուգման դեսպանների մասնակցությամբ և պրոֆեսիոնալ ստուդիայի հետ համագործակցությամբ ստեղծվել է երկու կրթական-խորհրդատվական տեսահոլովակ՝ միտված հանրության շրջանում փաստերի ստուգման մշակույթի ձևավորմանն ու հմտությունների զարգացմանը։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Փաստերի ստուգման ակումբ Ստեփանավանում» չորսամսյա ծրագիրը հասել է նախատեսված բոլոր ծրագրային կարճաժամկետ արդյունքներին, նպաստել ծրագրի շահառուների շրջանում ապատեղեկատվության ռիսկերի նվազեցմանը և քննադատական մտածողության զարգացմանը։
Ծրագրի շահառու երիտասարդների՝ ձեռք բերած գիտելիքներն ու գործնական հմտությունները կիրառելու և տարածելու պատրաստակամությունը, ինչպես նաև ակումբի կարճաժամկետ, բայց ակտիվ գործունեությունը հիմքեր են ստեղծում ծրագրի շարունակականության և ակումբի հետագա գործունեության համար. կարճաժամկետ, բայց արդյունավետ այս նախագծի ավարտից հետո Ստեփանավանի փաստերի ստուգման ակումբը նախատեսաում է ինքնուրույն շարունակել իր առաքելությունը՝ որպես երիտասարդների մեդիա կրթության և ապատեղեկատվության դեմ պայքարի համայնքային կենտրոն:

«Փաստերի ստուգման ակումբ Ստեփանավանում» ենթադրամաշնորհային նախագիծն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում:
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։



No responses yet